Քաղաքը պարապ էր ու լուռ…
Ամեն ինչ խորասուզվել, մտածում էր… Ու նման խոր լռության մեջ ամեն ինչ ասես ճնշվել էր, տափակել:
Հանկարծ քամի բարձրացավ: Այնպիսի մի քամի, որին կարոտ էին շատերը: Ու քանի որ վաղուց չէին հանդիպել իրենց բարեկամին, ձայնը լսելուն պես միանգամից հասան պատուհանագոգին, ինչպես ծարավ ուխտավորն է իրեն նետում այնտեղ, ուր գոնե մի քանի կաթիլ ջրով կկարողանա թրջել կոկորդը: Բայց քամուն չէր հետաքրքրում այն թափանցիկ արգելքը, որ վեր էր խոյացել իր և իրեն տուրք տվողների միջև: Նա շարունակում էր իր ելույթը, փշրում էր իր մետաղյա թևերը:
Մտավ քաղաք, գոռաց, աղմկեց, կուրծքը զարկեց շենքերին, ոտքերը խփեց հողերն, հառաչեց:
Այդ ցնցող համերգը տևեց ողջ գիշեր:
Առավոտյան քամին մեկնեց, իսկ շուրջը շենքեր էին` լվացված, պայծառացած:
Ամառվա հուրը մարեց...:Սկսվեց աշունը… Իսկ մեզ հենց այս աշունն է պետք, որ կահավորում է մեր տեսողությունը պատկերներով, ձեռքներիցս բռնած նստեցնում մեզ երազների ամպերին:
Միշտ էլ աշունը գալիս է թաքուն, գողեգող,դանդաղ, խոհուն և կարմիր քայլերով: Այդ ժամանակ շուրջը հորինվում են դեղին և հեքիաթային այնպիսի նվագներ, որոնց մասին չի կարելի պատմել, որովհետև դրանք գալիս են անհայտ հեռուներից: Այլ վայրերում աշունը ամառվա վերջին, անուժ ցնցումն է, հուսալքված մեկնումն ու հեկեկող տերևաթափը: Իսկ մեզ մոտ`քաղաքում, ընդհակառակը, այն գունավոր այլափոխության երկար արարողություն է: Դեղին բոցերով այրվող բարդիների ու հացենիների շարքեր. ողջ քաղաքի պատկերը:
Քաղաքը ո՛չ պարապ էր, ո՛չ լուռ…