суббота, 4 августа 2012 г.

ԱՆՀԱՇՏ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ


Անհաշտ, բայց  միևնույն  ժամանակ  այնքա՜ն  մտերիմ…                                              
Հա՛, կա  նման  բան: Սա  պարադոքս  չէ: Ինքս  էլ  չգիտեմ, թե  ինչպես  եմ  նորից  ու  նորից  հասնում  այս  կետին: Ներսից  լիզել, դրսից  կրծել: Լավ  խաղ  է  չէ՞:  Ուղղակի  լիզածը  միշտ  էլ  լավանում  է, մոռացվում, կծածը` ոչ: Իսկ  եթե  լիզելով  կծածը  բուժենք: Բայց  դա  կշեղի  ուղուց, բոլորովին  հետաքրքիր  չի  լինի: Միշտ  պետք  է  մնալ  “անհաշտ”-ի  և  “մտերիմ”-ի  մեջտեղում: Դրանք  զուգահեռ  չեն  կարող  ապրել: Այ  սրանով  է  կյանքդ  կյանք, օրդ  օր: Նման  պարադոքսերն  են, որ  իրենց  մեջ  մի  քիչ  изюминка  են  պարունակում:              
Հետո՞  ինչ… ո՞վ  կմտածեր, որ  կրծողի  ու  լիզողի  մեջ  այդքան  մաքրություն  կա, այդքան  հեքիաթ` դեռ  չհորինված  ու  չլսված: Հեքիաթ, որտեղ  ամեն  տող  երազով  է  փայլում, բայց  կրծողն  ու  լիզողը   պոկում, փշրում  ու  ջնջում  են  ամեն  ինչ…                                                        Բայց  նրանք  պիտի  թռչեն, երկուսով  թռչեն  վերև, շա՜տ  վերև: Իսկ  մնացածները   թող  սողան  ներքևում: Նրանք, միայն  նրանք  գիտեն  իրենց  թռիչքի  սահմանները: Եվ  միգուցե  հենց  վերևում  էլ  դաշինք  կնքվի   “անհաշտ”-ի  ու  “մտերիմ”-ի  միջև:                                

Անհաշտ, բայց  միևնույն  ժամանակ  այնքա՜ն  մտերիմ…








четверг, 2 августа 2012 г.

ՓՈՔՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԿՅԱՆՔԻՑ

Մոդիլիանի` ներշնչող նկար



Ցուրտ  ու  մութ  աշուն… Նա  վառեց  եղած  մոմի  վերջին  մնացորդը: Սենյակը  փոքր-ինչ  լուսավորվեց: Այն  իրենից  ներկայացնում  էր  մի  փոքրիկ  կացարան, որն  ավելի  շատ  խցի  էր  նման: Մթության  մեջ  նշմարվում  էին  քարերին  դրված  տախտակներ, որ  իբրև  մահճակալ  էին  ծառայում, փոքրիկ  սեղան  ու  մի  աթոռակ: Քամին  ներս  էր  խուժում  հնացած, մաշված, ճեղքերով  պատված  դռնից  ու  կամացուկ  հպվում  նրա  գրեթե  մերկ  մարմնին:                                                                                                                                                        
Փոքրիկ  աղջիկը  թելի  կծիկը  պատրաստ  դրեց  իր  կողքին, որպեսզի  անցկացնի  մոմի  մեջ  ու  նորից  վառի: Նրան  հատկապես  այդ  երեկո  շատ  էր  պետք  այդ  լույսը…լույսը, որ  խորշում  էր  նրանից  ու  չէր  ուզում  մնալ  կողքին: Բայց  այդ  օրը  ուղղակի  պարտավոր  էր, քանզի  աղջիկը  շատ  բան  ուներ  թղթին  հանձնելու: Նա  վերջապես  որոշել  էր  դուրս  հանել  ու  գրչի  միջոցով  թղթի  վրա  զետեղել  իր  ապրած  ցավերը, վիրավորանքը, մենությունը, տխրությունը… Նա, որ  հազիվ  13-14  տարեկան  կլիներ  ու  հենց  այդ  տարիքում  պետք  է  ապրեր  կյանքի  լավագույն  օրերը, բայց  ճակատագրի  հեգնանքով  նա  մնաց  մեն-մենակ: Նա  կորցրել  էր  բոլորին  ու  այժմ  միայնակ  էր  պայքարում  կյանքի  դժվարությունների  դեմ  այդքան  մատղաշ  հասակում: Նա  իր  օրվա  ապրուստը  վաստակում  էր  սրա-նրա  կոշիկները  սրբելով  կամ  էլ  ուտելիքով  լի  տոպրակները  տեղափոխելով, որոնց  միջից  տաք  հացի  անուշ  բուրմունքը  հասնում  էր  նրա  “հոտոտելիքներին”: Բայց,  հազիվ  զսպելով  իրեն, հասցնում  էր  լիությունից  պայթող  տոպրակները  պահանջված  տեղը  ու  ստանում  այդ  մեծ  տանջանքի  դիմաց  ընդամենը  գրոշներ: Պատահում  էր  նաև, որ  ինչ-որ  ծեր  կնոջ  կամ  մարդու  էր  հանդիպում  ու  տոպրակները  տեղափոխելու  համար  գումար  չէր  վերցնում: Փոխարենը  նրան  մի  կտոր  տաք  հաց  էին  շնորհում  կատարած  աշխատանքի  համար:                                                         
Չնայած  իր  տարիքին  ու  սեռին, աղջիկը  դարձել  էր  ջլապինդ  ու  ամրակազմ՝ իր  “աշխատանքի”  բնույթից  ելնելով: Նրա  մեջ  չէր  մնացել  այն  անմեղ  աղջկական  հայացքը, որ  ուներ: Սև  մազերը, միշտ  բաց  թողնված,  ալեկոծվում  էին  ծովի  ալիքների  նման  նրա  բարակ  ուսերին  վրա: Այդ  երկար  ու  սև  վարսերը  ծածկում  էին  նրա  աչքերը… աչքեր, որտեղ  այնքան  տառապանք, ցավ, կսկիծ  ու  լաց  կար` մի  ամբողջ  կյանք: Հագին  միշտ  մի  երկնագույն  շրջազգեստ  էր, որը  վերածվել  էր  ճղճղված  ձորձի: Ու  այդպես  բոկոտն  շրջելուց  հետո  ուշ  երեկոյան  վերադառնում  էր  տուն, պառկում  “գահավորակին”, առանց  մոմը  վառելու, ու  ողջ  գիշեր  լալիս  էր: Անգամ  լացելիս  էր  լուռ, որպեսզի  ոչ  ոք  չլսի  իր  սրտի  խորքից  բխող  բողոքի  ձայները: Նա  ուզում  էր  բղավել, ճչալ  ու  “ոռնալ”  ցավից… ցավ, որ  ոչ  ոք  չէր  կիսում  իր  հետ: Ու  ամբողջ  գիշեր  առանց  աչք  փակելու  առավոտյան  նորից  անցնում  էր  իր  պարտքը  կատարելու: Իսկ  ի՞նչ  պարտք: Ո՞ւմ  համար: Ո ՞վ  էր  ստիպել: Պարզապես  հոգու  խորքում  նա  պահած  ուներ  մի լուսավոր  անկյուն, որտեղ ապրել էր  ուզում, տենչում հին օրերին: Ու  այդպես  կյանքի  վերջին 2-3  տարին, ամեն  առավոտ  իր  օրը  սկսվում  էր  պայքարով: Դա   պայքար  էր  գոյատևման  համար: Ինչքան  ուժ  ու  փափագ  կար  այդ  փոքրիկ  աղջնակի   մեջ…                                                                           
Իսկ  այդ  երեկո  նա  չդիմացավ, չկարողացավ  լուռ  տանել  իր  ցավերը: Անգամ  արցունք  չէր  մնացել. ու   աղջիկը  որոշեց  գրել: Սկզբում  անհաստատ, բայց  հետո  լեզու  գտավ  նախկինում  իր  համար  այդքան  խորթ  թղթի  ու  գրչի  հետ, և  մի  քանի  տարվա  ցավը  դուրս  հորդաց  ներսից: Նա  գրում  էր, գրում  էր  անընդհատ`չնկատելով, որ  մոմն  արդեն  հանգչում  է…                                                                                                                                
Առավոտյան  արևի  առաջին  շողերը  լուսավորեցին  նրա  սփրթնած  դեմքը: Աղջիկը, գլուխը  դրած  սեղանին, փակել  էր  աչքերն  այսքան  տարի  հետո  ու  քնել: Քնել  էր  փոքր-ինչ  հանգիստ  քնով: Դեմքին  իջել  էր  մի  խաղաղ, բայց  միևնույն  ժամանակ  կարոտի  ժպիտ: Նրա  դիմաց  դրված  էր  թղթերի  կույտ, որոնք  բոլորը  միասին  մի  գիրք  էին…Գիրք, որ  պատմում  էր  նրա  մասին, այն  կյանքի  մասին, որ, չնայած  կարճ  տևեց, բայց  տանջեց  նրան, հյուծեց  ու  այդ  գիշեր  վերջապես  բաց  թողեց  իր  գիշատչի  ճիրաններից:                         
Իսկ  ՆԱ  գրեց…