пятница, 8 августа 2014 г.

ԱՄՈՒՐ ՊԱՐԱՆՈՎ


Տո'ւր ինձ ձեռքդ, ու ես կձգեմ այն ներքև: Մի՞թե ուզածդ փրկություն չէր: Հիմա եմ պատրաստ, հիմա ես խորտակվում, հիմա ենք հասնում...
Պարան կվերցնեմ, չէ', երեքը, որ հյուսեմ դրանք այնքան պինդ կապերով, ինչքան որ կուզեիր մեր ձեռքերը հյուսված մնային մի ողջ հավերժություն: Ընտրելիս պիտի ուշադիր լինեմ, որ ամուր պարաններ ընկնեն ձեռքիս տակ, որ նման լինեն քո պիրկ նյարդերին, ձեռքերին, մատներին: Դրանցով էիր դիմանում, գրկում ու սիրում...
Հիմա արդեն ուժ հավաքած քեզ պիտի ներքև քաշեմ, ձգեմ գետնին: Չկարծես, թե սա անդունդ է. մութ է, հա', բայց լամպը ամուր պտտելուց հետո է լույս տալիս: Իսկ ես ուզում եմ, որ իմ եռահյուս պինդ պարանով պտտվես վերևներում ու լույսը աչքերումդ իջնես իմ խորությունները: Հիմա է, որ կարող եմ...
Ես չկարողացա հասնել քո բարձրները, վայրէջքը շատ էր ցավոտ: Իսկ դու դեմքի նույն գծերով վերևներում գծել ես քո ուղիղները, շեղվելիս էլ վիժել ես իմ խորքերը, ու առանց ավելորդ վախի նորից ու նորից բարձրացել... գծել:
Ե՞ս էի վախկոտ, թե դու մնացիր առանց ուժ, առանց իմ հյուսած գոնե մի բարակ, թեկուզ մազի չափ բարակ պարանի: Բայց ես միշտ էլ սիրուն եմ հյուսել: Դե եթե ուժն ես սիրում, կհավաքեմ բոլոր պարանները ու մի հաստը կհյուսեմ: Թող տգեղ լինի, կարևորը գիտեմ, որ այս անգամ կբռնես այն քո ուժեղ ձեռքով ու կձգվես ներքև, ինձ մոտ:
Դե', բռնի'ր պարանս, որ քաշեմ քեզ իմ խորքերը, ես ինքս եմ ցույց տալու քեզ դրանք: Բայց նույն պարանով էլ ամուր կապելու եմ, որ օդապարիկի պես չձգտես քո վերևները: Դա չէ քոնը,ՔՈՆԸ խորքերն են ԻՄ...

понедельник, 4 августа 2014 г.

ՍԱՌԸ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆ


Այսօր քամին եկավ: Ամառը սառեց: Տեսնես մարդիկ էլ են սառելու: Բայց սառնությունը հաճախ օգնում է. ինչի՞ն: Ասեմ. երբ սառն են բոլորի աչքերը, երբ սառն են աչքերից ծնված հայացքները, երբ սառն է մի սովորական բարևը, սառն է առավոտն ու գիշերը, դու ինքդ ուզում ես ամբողջությամբ սառել, քարացնել բոլոր օրգաններդ, հատկապես մեկը` ուղեղը: Այ սառը ուղեղը լավ բան է: Դրանով դու չես դատում, չես մտածում, եզրահագման չես գալիս, չես որոշում: Դրանով դու քեզ զգում ես հասկացող մեկը: Այդ պահին հասկանում ես, որ հասկացել ես միայն այդ սառը քամուն, փոթորիկին. քիչ չեն կյանքի սառը քամիները: Դրանից սիրտդ ավելի շուտ է հովանում, որովհետև քեզ թվում է, թե ծնվել ես քամուն փաթաթված, սառը սավանում փաթաթված, սառը ձեռքերում առաջին գիշերն անցկացրած: Ու այդ պահին ուղեղդ այնքան է սառում, որ անգամ մտածում ես վախճանդ էլ է նույնչափ սառը լինելու. սառը արկղ, սառը ծաղիկներ ու արցունքներ: Ափսոս այդ արցունքները աշխարհից այն կողմ սառած սիրտդ չեն տաքացնի: Ու նման շատ սառը մտքեր, մինչև որ քամին պոչը չքաշի ու չտաքանա: Իսկ դու մնացած սառնությունն ուղեղումդ ես պահում, որ մի տոթ օր հանես ու ցույց տաս բոլորին: Գուցե շատերը, չէ', բոլորն են սառում, բայց ոչ բոլորն են կարողանում հալչել ու չմնալ նույն ջերմաստիճանում:
Հաճախ պետք է փոխել այն, որ եղանակին դիմանաս, ծնվես տաք ձեռքերում, մեռնես սառը արկղում, բայց ջերմանաս նույն սառնության կաթիլներից:
Հետո քամին գնաց` թողնելով սառը ճանապարհ...