Այսօր քամին եկավ: Ամառը սառեց: Տեսնես մարդիկ էլ են սառելու: Բայց սառնությունը հաճախ օգնում է. ինչի՞ն: Ասեմ. երբ սառն են բոլորի աչքերը, երբ սառն են աչքերից ծնված հայացքները, երբ սառն է մի սովորական բարևը, սառն է առավոտն ու գիշերը, դու ինքդ ուզում ես ամբողջությամբ սառել, քարացնել բոլոր օրգաններդ, հատկապես մեկը` ուղեղը: Այ սառը ուղեղը լավ բան է: Դրանով դու չես դատում, չես մտածում, եզրահագման չես գալիս, չես որոշում: Դրանով դու քեզ զգում ես հասկացող մեկը: Այդ պահին հասկանում ես, որ հասկացել ես միայն այդ սառը քամուն, փոթորիկին. քիչ չեն կյանքի սառը քամիները: Դրանից սիրտդ ավելի շուտ է հովանում, որովհետև քեզ թվում է, թե ծնվել ես քամուն փաթաթված, սառը սավանում փաթաթված, սառը ձեռքերում առաջին գիշերն անցկացրած: Ու այդ պահին ուղեղդ այնքան է սառում, որ անգամ մտածում ես վախճանդ էլ է նույնչափ սառը լինելու. սառը արկղ, սառը ծաղիկներ ու արցունքներ: Ափսոս այդ արցունքները աշխարհից այն կողմ սառած սիրտդ չեն տաքացնի: Ու նման շատ սառը մտքեր, մինչև որ քամին պոչը չքաշի ու չտաքանա: Իսկ դու մնացած սառնությունն ուղեղումդ ես պահում, որ մի տոթ օր հանես ու ցույց տաս բոլորին: Գուցե շատերը, չէ', բոլորն են սառում, բայց ոչ բոլորն են կարողանում հալչել ու չմնալ նույն ջերմաստիճանում:
Հաճախ պետք է փոխել այն, որ եղանակին դիմանաս, ծնվես տաք ձեռքերում, մեռնես սառը արկղում, բայց ջերմանաս նույն սառնության կաթիլներից:
Հետո քամին գնաց` թողնելով սառը ճանապարհ...
Комментариев нет:
Отправить комментарий