суббота, 21 июня 2014 г.

ՉՈՒՇԱՑՈՂ ԲՈՒՄԵՐԱՆԳ


Այսօր ողջ օրը մտքեր էին պտտվում գլխումս,մտքեր...
Ու հիմա վերջապես հասա դրանց:Դե,լսի'ր ուշադիր:
Դու ինձ ստիպեցիր մեջքի հետևում զգալ քո ներկայությունը, մեջքի հետևից լսել ձայնդ, մեջքի հետևում տեսնել քեզ, մեջքի հետևում հասկանալ քեզ: Այդ ի՞նչ ես անում, հը՞ն, խեղդվում ես ու քեզ հետ փորձում տանել ինձ ու սպասումներս:
Դու ինձ սովորեցրիր ատել քեզ, ատել քո գոյությունը, քո հայացքը, քո կեցվածքը, քո հոգին, քո էությունը... առհասարակ սովորեցրիր ԱՏԵԼ...
Ես ատում եմ քո հպարտ էությունը, որ այլևս անէացած է ինձ համար: Դու անգո ես, չեղած մի բան իմ կյանքում: Ափսոս` ուրվականի պես շրջում ես կյանքիս սարդոստայններով:
Քեզ հետ ընտելացա, ըտելացա նրան, որ չպիտի նայեմ աչքերիդ, չպիտի տեսնեմ կառուցվածքդ, նայվածքդ, չպիտի հետևեմ հայացքիդ, ՉՊԻՏԻ...
Քեզ  հետ հասկացա, որ պետք է մատնել, աչքերով մատնել, պետք է հրել, խոսքերով գցել: Կյանքը բումերանգ է, իզուր չէ ասված: Դու էլ ինձ հետ դա կհասկանաս:
Գիտե՞ս, այս խոսքերը արբած եմ գրում, հա', արբած: Որովհետև չլիներ այդ մի քանի, չէ' 10, կում ոգելիցը, ես այս տողերը չէի գրի: 10 կում քո 10 անտարբեր նայվածքի դեմ: 10 կում ու տասն և ավել տող ցույց տալու համար մեր <<փոխադարձ ատելությունը>>:
Դու ինձ փորձեցիր մորթել, բայց կապերս արձակված էին: Միշտ էլ այդքան աչալուրջ, բայց միևնույն ժամանակ անուշադիր ես եղել: Ես փախա: Ձևականություններով զոհասեղան չեն լցնում, միամի'տս:
Մեջքիս հետևից, բայց ամեն բան ՏԵՍՆՈՒՄ եմ դեմ-դիմացից: Դավադիր ես ինքդ քո նկատմամբ, սուտ դավադիր ես ձևանում նաև իմ նկատմամբ: Լինում ես շուրջս, որ րոպե ավել զգաս ներկայությունս: Ես քեզ չեմ զրկում այդ հաճույքից: Դե մնա' ու դանդաղ, շատ դանդաղ թունավորվի'ր իմ օդից:
Քո կողքին սովորեցի կողքերս թույնել...
Մի վերջին բարություն իմ կողմից. վերջին խոսքերդ կթողնե'ս աչքերիս, որ կարդամ ու հրճվեմ: Գիտեմ, հպարտությանդ բաժակը շուտով ճայթելու է ու իմ թունոտ օդից դանդաղ, տրագիկ, բայց քո գեղեցիկ ձևով շունչդ փչելու  ես:
Հ.գ Քեզանից առաջ ընկա, արագությունդ շատ դանդաղ էր...

суббота, 14 июня 2014 г.

ՄԱՆԴԱՐԻՆՆԵՐ ՈՒ ԺՊԻՏՆԵՐ


Դու սիրում էիր մանդարիններ, այնքան շատ էիր սիրում, որ չեմ էլ հիշում, թե ինչքան: Ահա~, բռնվեցինք. ժամանակն ու տարածությունն իրոք իրենց սև գործն անում են: Ինչևէ, ես հիշում եմ այն, ինչ ՀԻՇՈՒՄ ԵՄ...
Ձմռանը հատկապես ախորժակդ գազազում էր, սիրտդ մադարին էր ուզում, և որովհետև ձմռանը հատկապես մանդարինները Հայաստանում մի ուրիշ թափով ու համով են <<աճում>>, դու գրեթե ամեն առավոտ վազում էիր շուկա` մանդարին <<քաղելու>>: Ձմռանը մենք անընդհատ խոսում էնք մանդարիններից, դու պատմում էիր ինձ դրանց  օգտակար լինելու մասին` սկսած կեղևից, վերջացրած սպիտակ <<մազմզուկներից>>: Իսկ ես երբեք չէի հոգնում քեզ լսելուց, անգամ այդ պահին անհեթեթություն թվացող ճառերդ մանդարինների մասին չէին ձանձրացնում, որովհետև նույն կլանվածությամբ ու հետաքրքրությամբ դու էիր լսում իմ անհեթեթությունները, որոնք ավելի շատ էին ու տարվա բոլոր եղանակներին, չէ', կներես, բացի գարունից, գարուն չտեսանք միասին...
Հիշում եմ, մի անգամ սև արկղի մեջ դրեցի մի մանդարին ու ուղարկեցի քո բնակարան: Դու հարցրիր` ինչու էի հենց սև արկղ ընտրել: Պարզեցիր, որ սևի մեջ նարնջագույնն ավելի գրավիչ է, (ևս մի հատկություն մանդարինի համար) ու միանգամից կուլ տվեցիր մանդարինը: Բայց ես հարցրել էի, թե այդ մի մանդարինը քանի մասի կբաժանեիր և ում հետ կկիսեիր, բայց դու նամակս չհասցրիր կարդալ ու կուլ տվեցիր, այնինչ մեկ հատիկ մանդարինը խորհուրդ ուներ: Բայց այդ օրը հատկապես դու ինձ շնորհակալ էիր: Հաճախ քեզ մտքում որկրամոլ խոզուկ էի կոչում, բայց երբեք չէի ասում մտքերիս մասին: Մենք ֆիլմ էնք դիտում, մանդարին ուտում, ճիշտ է ուտում էիր միայն դու, բայց անգամ ֆիլմի ժամանակ այնքան պատկերավոր, որ ճպճպոցը հասնում էր ինձ` էկրանից այս կողմ: Դրա համար միասին դիտած և ոչ մի ֆիլմի բովանդակություն չի մնացել հիշողությանս մեջ:
Մի անգամ սրտաձև մանդարին էիր գտել, նկարեցիր, ցույց տվեցիր, բայց չուղարկեցիր... ագահ էիր...
Իսկ ես վախենում էի, վախենում էի, որ մի օր կիմանաս գաղտնիքս, սարսափելի գաղտնիքս, որ ես մանդարին չեմ ուտում, ոչ թե չեմ սիրում, այլ չեմ ուտում: Համոզված էի, որ քեզ պատճառը շատ քիչ կհետաքրքրեր, և դու նույնպես չէիր ուտի մանդարին, իսկ ես քեզ չէի կարող զրկել աշխարհում ամենասիրածդ բանից:
Տարօինակ բան. ես խանդում էի մանդարիններին, հատկապես ձմռանը, երբ նրաք առավել քան երբևէ հրապուրիչ են լինում: Դու իմ խանդն էիր համարում հիմարություն, ես` քո մանդարինները:
Ու երբեք, երբեք չկիսեցիր ինձ հետ գոնե մի դիլիմ մադարին: Ձմեռն անցում էր, դու տխրում էիր, որովհետև հյութեղ մանդարիններ էլ չէիր գտնելու:Ես քեզ հասկանում էի ու փորձում մխիթարել: Սփոփանքս ծիծաղ էր...
Գարնան սկիզբն էր, ես փշրեցի էկրանը. իմացել էի, որ շուկայում հազիվ մի հյութեղ մանդարին էիր <<քաղել>>, դա չէր պատճառը իմ ցնցման: Ես իմացել էի, որ դու այն կիսել ես մի ավելի հմայիչ աղջկա հետ, ուրեմն ինչքա~ն էիր հրապուրվել, սիրում էիր....
Ինձ հետ կիսեցիր միայն իմ ժպիտը, այո', իմը, որովհետև քոնը երբեք չտեսա, ու այդ օրվանից ոչ թէ դու այլևս մանդարին չկերար, այլ ես չժպտացի: Այն մեկ հատիկ մանդարինի պատասխանս ստացա:
Վախս իզուր էր...

вторник, 10 июня 2014 г.

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՀՈՒՇԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ


Հուշերիս տունը...Որքա~ն վաղուց չէի բացել դուռդ: Վախից,հուզմունքից,ցավից,զզվանքից,ափսոսանքից,հրճվանքից...
Միշտ կարծել եմ, որ իմ աշխարհում` կյանքիս մայրաքաղաքում,  սեփականություն ունեմ.հուշերիս տունը:
Ուրեմն ես սեփականատեր եմ, գուցե սեփականությունը կորցրած...բայց չէ',հուշերիս բանտել եմ այնտեղ:
Ձեռքս դրեցի դռան կողպեքին,այնքան սառն էր ու անտարբեր.տիրոջը չճանաչեց: Իսկ ո՞ւր մնաց ուրախություններիս ջերմությունը: Մտածեցի ավելի լավ է միանգամից բանալին գործի դնեմ: Իսկ ո՞ւր է մետաղի այդ կտորը,գրպանո՞ւմ:Ո'չ... ուղեղիս մի անկյունում այն քնած է, ասես հավերժի քնով,բայց երբ արթնացնեմ, մետաղը կդառնա դոնդող` երերուն,հուզվող,հուշերի քամուց տատանվող դոնդող:Ու քանի դեռ բանալին քնաթաթախ էր,բացեցի դուռը,հուշերիս տան դուռը:Եվ ի~նչ պատկեր... սարսուռ,կսկիծ,ցավ,կարեկցանք,հուզմունք,թախիծ: Այս ի~նչ օրն են ընկել հուշերս:Ու նրանցից ոչ մեկը գիրկս չընկավ, ինչպես առաջներում էր, սիրտս չշարժեց այնչափ,որքան որ ծարավել էր այն:
Հուշերիս տան 70 մ2-ում օդը ծանրացած էր, խոնավ,հին օրերից խոնավացած: Հուշերս քաղցած էին,պատրաստ հարձակվելու զոհի վրա,բայց այնքան թուլացած,նվաղած,մերկացած: Տան ամեն մի մ2-ին ուներ իր տերն ու տիրականը:Բայց երբ աչքերով վազվզում էի տան անկյուններով, փնտրում <<ժպիտ>> հուշերս,նրանց չգտա:Այնքան անուշադիր եմ եղել,որ երես եմ տվել միայն <<ցավ>> հուշերիս,իսկ սրանք էլ պատին են սեղմել <<ջերմ>> հուշերիս,անգամ պատնեշ դրել: Հուշերիս վերադաստիարակել,վերադասավորել է պետք:
Մի հուշ ունեի,որին շատ էի սիրում,տաքացնում գրկումս,այդ գրկախառնությունից աչքերս էին լցվում, միտքս էր լցվում հազար ու մի տառով, բառով,ժպիտով,հայացքով,շնչով...հազար ու ՄԻ... Ու երբ տեսա այդ հուշիս գետնին ընկած,սատկած, տարօրինակ ափսոսանք զգացի:Խղճացի թե ինձ,թե հուշիս...
Չէ',հուշերիս այս տունը շատ է փոշոտ ու կեղտոտ,մռայլության գարշահոտը փակում է շնչուղիներս: Ավելի լավ է վաճառեմ այս դառնադեմ առանձնատունը ու մի նոր դղյակ կառուցեմ, ուր կտեղավորեմ բոլոր հուշերս, ուր նրանցից ոչ մեկը զոհ չի  դառնա ու պատի տակ դիակ չի  բուրի:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է 70 մ2 - ՈՑ ՀՈՒՇԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ...
Հ.գ Վաճառում եմ առանց ներսի հնացած հուշերի: