суббота, 14 июня 2014 г.

ՄԱՆԴԱՐԻՆՆԵՐ ՈՒ ԺՊԻՏՆԵՐ


Դու սիրում էիր մանդարիններ, այնքան շատ էիր սիրում, որ չեմ էլ հիշում, թե ինչքան: Ահա~, բռնվեցինք. ժամանակն ու տարածությունն իրոք իրենց սև գործն անում են: Ինչևէ, ես հիշում եմ այն, ինչ ՀԻՇՈՒՄ ԵՄ...
Ձմռանը հատկապես ախորժակդ գազազում էր, սիրտդ մադարին էր ուզում, և որովհետև ձմռանը հատկապես մանդարինները Հայաստանում մի ուրիշ թափով ու համով են <<աճում>>, դու գրեթե ամեն առավոտ վազում էիր շուկա` մանդարին <<քաղելու>>: Ձմռանը մենք անընդհատ խոսում էնք մանդարիններից, դու պատմում էիր ինձ դրանց  օգտակար լինելու մասին` սկսած կեղևից, վերջացրած սպիտակ <<մազմզուկներից>>: Իսկ ես երբեք չէի հոգնում քեզ լսելուց, անգամ այդ պահին անհեթեթություն թվացող ճառերդ մանդարինների մասին չէին ձանձրացնում, որովհետև նույն կլանվածությամբ ու հետաքրքրությամբ դու էիր լսում իմ անհեթեթությունները, որոնք ավելի շատ էին ու տարվա բոլոր եղանակներին, չէ', կներես, բացի գարունից, գարուն չտեսանք միասին...
Հիշում եմ, մի անգամ սև արկղի մեջ դրեցի մի մանդարին ու ուղարկեցի քո բնակարան: Դու հարցրիր` ինչու էի հենց սև արկղ ընտրել: Պարզեցիր, որ սևի մեջ նարնջագույնն ավելի գրավիչ է, (ևս մի հատկություն մանդարինի համար) ու միանգամից կուլ տվեցիր մանդարինը: Բայց ես հարցրել էի, թե այդ մի մանդարինը քանի մասի կբաժանեիր և ում հետ կկիսեիր, բայց դու նամակս չհասցրիր կարդալ ու կուլ տվեցիր, այնինչ մեկ հատիկ մանդարինը խորհուրդ ուներ: Բայց այդ օրը հատկապես դու ինձ շնորհակալ էիր: Հաճախ քեզ մտքում որկրամոլ խոզուկ էի կոչում, բայց երբեք չէի ասում մտքերիս մասին: Մենք ֆիլմ էնք դիտում, մանդարին ուտում, ճիշտ է ուտում էիր միայն դու, բայց անգամ ֆիլմի ժամանակ այնքան պատկերավոր, որ ճպճպոցը հասնում էր ինձ` էկրանից այս կողմ: Դրա համար միասին դիտած և ոչ մի ֆիլմի բովանդակություն չի մնացել հիշողությանս մեջ:
Մի անգամ սրտաձև մանդարին էիր գտել, նկարեցիր, ցույց տվեցիր, բայց չուղարկեցիր... ագահ էիր...
Իսկ ես վախենում էի, վախենում էի, որ մի օր կիմանաս գաղտնիքս, սարսափելի գաղտնիքս, որ ես մանդարին չեմ ուտում, ոչ թե չեմ սիրում, այլ չեմ ուտում: Համոզված էի, որ քեզ պատճառը շատ քիչ կհետաքրքրեր, և դու նույնպես չէիր ուտի մանդարին, իսկ ես քեզ չէի կարող զրկել աշխարհում ամենասիրածդ բանից:
Տարօինակ բան. ես խանդում էի մանդարիններին, հատկապես ձմռանը, երբ նրաք առավել քան երբևէ հրապուրիչ են լինում: Դու իմ խանդն էիր համարում հիմարություն, ես` քո մանդարինները:
Ու երբեք, երբեք չկիսեցիր ինձ հետ գոնե մի դիլիմ մադարին: Ձմեռն անցում էր, դու տխրում էիր, որովհետև հյութեղ մանդարիններ էլ չէիր գտնելու:Ես քեզ հասկանում էի ու փորձում մխիթարել: Սփոփանքս ծիծաղ էր...
Գարնան սկիզբն էր, ես փշրեցի էկրանը. իմացել էի, որ շուկայում հազիվ մի հյութեղ մանդարին էիր <<քաղել>>, դա չէր պատճառը իմ ցնցման: Ես իմացել էի, որ դու այն կիսել ես մի ավելի հմայիչ աղջկա հետ, ուրեմն ինչքա~ն էիր հրապուրվել, սիրում էիր....
Ինձ հետ կիսեցիր միայն իմ ժպիտը, այո', իմը, որովհետև քոնը երբեք չտեսա, ու այդ օրվանից ոչ թէ դու այլևս մանդարին չկերար, այլ ես չժպտացի: Այն մեկ հատիկ մանդարինի պատասխանս ստացա:
Վախս իզուր էր...

Комментариев нет:

Отправить комментарий