пятница, 13 марта 2015 г.

ԱՐԵՎԱԳԱԼԸ

Իսկ դուք գիտեք` ինչքան դժվար է ապրել ամռան և գարնան միջև ընկած գորշ օրերը: Գիտեք` ինչ է լինում,երբ կորչում է ամռան բարկ արևը,երբ այդ նույն բարկ արևը որոշում է բարկանալ ու հեռանալ...
Արևը գնում ու իր հետ է տանում տաք օրերի հսկա մի բանակ: Երբ փորձում ես թղթի վրա կամ աչքերդ փակելով հիշել արևի գիշերային դեմքն ու փայլը, բայց ապարդյուն. երևի չկա ավելի ցավոտ բան: Ու հիշողության պակասից պակասում է ապրելու ցանկությունը, տեսնելու ու լսելու ցանկությունը, բացատրելու ու մնալու ցանկությունը:Ու չեմ էլ հիշում արդեն,թե ինչպես եմ ապրել, շնչել, աչքերս փակել ու քնել, չեմ հիշում գիշերային երազներս, մտքերս, խոսքերս, ձայնս ու... Ու թվում էր, թե ոչ մի ուրիշ արև չի կարող վերևում ինձ հետ մնալ ուշ գիշերով, չի կարող տաքացնել միայն ինձ: Թվացյալ է ամեն ինչ...
Եկավ իմ նոր, ոչ թե գիշերային, ոչ թե տաք ու ջերմ, ոչ թե հասկացող, այլ հասկացնող արևը,իմ կյանքի արևը: Զարմանալի է. այն կարողանում է ժպտալ ինձ անգամ անդեմ մարդկանց ամբոխից, կարողանում է ձեռքս բռնել առանց այրելու, կարողանում է ինձ հասնել իր սևերի միջից: Մարդիկ անտառներ են հատում մի ձեռք տաքացնելու համար, իսկ ես մի մեծ արև եմ իջեցրել ներքև, իմ ժպտալու արևը: Նման հրաշքներն են, որ ստիպում են մոռանալ բոլոր տեսակի արևները: Գիտե՞ք, դրանք շատ են, ուղղակի պետք է կարողանաք ձիգ պարանով ձգել ներքև, ձեզ մոտ ձեր կյանքը, որը սպասում է գեթ մեկ կանչի, կանչի դեպի երջանկության:
Այսպիսով,ապրում ես այդ դժվարին ժամանակը ու կարողանում ապրեցնել ևս մեկին.սա է իսկական հաղթանակը: Այ հիմա ես կարող եմ քեզ ձեռքով անել ու անցնել,մնա'ս բարով, իմ ամռան արև...հիմա ես ունեմ իմ սիրո արևը:




2 комментария: