пятница, 3 октября 2014 г.

ՍՊԻՏԱԿ ԽԱՂԵՐ



Ձեռքդ տո'ւր,լսո՞ւմ ես...
Ամեն սպիտակ առավոտ իմ սենյակում այս խոսքերն եմ լսում:Այդ նույն վայրկյանին ուզում եմ ձեռքերս հագցնեմ տաք շորերով ու իջնեմ բակ,սպիտակեմ: Ախր ձեռքերս մինչև հիմա կարծում են,թե տաք շորերից զատ կա մի այլ տաք բան.քո կրակոտ շունչը: Ամեն սպիտակի հետ ձեռքերս քաշում են ինձ ներքև,խաղի,այն էլ ի~նչ խաղ:
Խոստովանում եմ,ինքս էլ էի սիրում այդ շունչ տվող խաղերը:Հազվադեպ էին լինում,բայց կյանք էին տալիս այդ սպիտակ խաղերը: Երբ չէի վախենում որսալ ամեն մի սառը փաթիլ,որովհետև ձեռքերս վառվում էին քո տաք շնչի սպասումով: Իսկ դու դեմքս էիր սպիտակեցնում, որ հետո տաքացնես, բայց ես ձեռքերս էի առաջ քաշում:Առնում էիր դրանք մեծ ափերիդ մեջ ու փչում այնքա~ն դանդաղ,այնքա~ն հանդարտ:Ես էի անհամբեր,իսկ դու վայելում էի ամեն մի վայրկյանը ձեռքիս ամեն մի անկյունում: Որքա~ն էր քաղցրանում այդ ցավը, ինչպե~ս էին մեր շուրջը հալչում սպիտակները...
Գիտե՞ս, վաղուց է` չեմ խաղացել այդ սպիտակ խաղերից:Մի անգամ փորձեցի.ձեռքերս շատ տաք շորերի մեջ էին,բայց երբ վերջին սպիտակ գնդակը նետեցի <<մեկի>> ուղղությամբ, ձեռքերս սկսեցին նվալ: Սկսեցի փնթփնթալ փոքրիկի պես, ինչպես հատուկ կանեի քեզ մոտ: Բայց բողոքիս պատասխան չեղավ, շունչ չստացա և ոչ մի <<մեկից>> : Ընդամենը բառեր, դատարկ բառեր. ցրտահարվել են: Շուրջս անշնչացել էր ամեն ինչ...
Հիմա հասկանո՞ւմ ես` ինչու չեմ խաղում: Ես հասկացա,որ ամեն <<մեկը>> քո նման ՄԵԿ չէ, ամեն շունչ այնքան չի տաքանում իմ ձեռքերի վրա: Վերջին սպիտակ խաղից ձեռքերիս վրա հետքեր մնացին:Վախենում եմ. գուցե տեսնես ու կարծես, թե դավաճանել ենք քեզ ձեռքերս ու ես: Այս է պատճառը,որ շունչդ զգալ չեմ ուզում: Կարող ես ուրիշի ձեռքերը փրկել սառը սպիտակից:Իսկ ես էլ երբեք սպիտակ խաղեր չեմ խաղա. սպիտակը շատ մաքուր է,շունչդ ուրիշի շնչով փոխելու համար: Թող տգեղ, բայց մաքուր լինեն ձեռքերս խաղերում այս սպիտակ:




Комментариев нет:

Отправить комментарий