пятница, 13 марта 2015 г.

ԱՐԵՎԱԳԱԼԸ

Իսկ դուք գիտեք` ինչքան դժվար է ապրել ամռան և գարնան միջև ընկած գորշ օրերը: Գիտեք` ինչ է լինում,երբ կորչում է ամռան բարկ արևը,երբ այդ նույն բարկ արևը որոշում է բարկանալ ու հեռանալ...
Արևը գնում ու իր հետ է տանում տաք օրերի հսկա մի բանակ: Երբ փորձում ես թղթի վրա կամ աչքերդ փակելով հիշել արևի գիշերային դեմքն ու փայլը, բայց ապարդյուն. երևի չկա ավելի ցավոտ բան: Ու հիշողության պակասից պակասում է ապրելու ցանկությունը, տեսնելու ու լսելու ցանկությունը, բացատրելու ու մնալու ցանկությունը:Ու չեմ էլ հիշում արդեն,թե ինչպես եմ ապրել, շնչել, աչքերս փակել ու քնել, չեմ հիշում գիշերային երազներս, մտքերս, խոսքերս, ձայնս ու... Ու թվում էր, թե ոչ մի ուրիշ արև չի կարող վերևում ինձ հետ մնալ ուշ գիշերով, չի կարող տաքացնել միայն ինձ: Թվացյալ է ամեն ինչ...
Եկավ իմ նոր, ոչ թե գիշերային, ոչ թե տաք ու ջերմ, ոչ թե հասկացող, այլ հասկացնող արևը,իմ կյանքի արևը: Զարմանալի է. այն կարողանում է ժպտալ ինձ անգամ անդեմ մարդկանց ամբոխից, կարողանում է ձեռքս բռնել առանց այրելու, կարողանում է ինձ հասնել իր սևերի միջից: Մարդիկ անտառներ են հատում մի ձեռք տաքացնելու համար, իսկ ես մի մեծ արև եմ իջեցրել ներքև, իմ ժպտալու արևը: Նման հրաշքներն են, որ ստիպում են մոռանալ բոլոր տեսակի արևները: Գիտե՞ք, դրանք շատ են, ուղղակի պետք է կարողանաք ձիգ պարանով ձգել ներքև, ձեզ մոտ ձեր կյանքը, որը սպասում է գեթ մեկ կանչի, կանչի դեպի երջանկության:
Այսպիսով,ապրում ես այդ դժվարին ժամանակը ու կարողանում ապրեցնել ևս մեկին.սա է իսկական հաղթանակը: Այ հիմա ես կարող եմ քեզ ձեռքով անել ու անցնել,մնա'ս բարով, իմ ամռան արև...հիմա ես ունեմ իմ սիրո արևը:




среда, 12 ноября 2014 г.

ԵՐԵՎԻ


Երգերի հետ մտքեր,մտքերի հետ հազար ու մի <<երևի>>-ներ...
Աչքերը բացել ու օրը սկսել <<երևի>>-ով դժվար է, գիտե՞ս:Երևի չգիտես...
Երևի վախենում ես բարձրացնել աչքերդ ու նայել ներս:Երևի վախենում ես,որ ես կմտնեմ ներս... Երևի նայեմ քեզ...
Երևի գիշերվա մթում խարխափում ես,բայց լավ տեսնում ու լռում,սպանում...Երևի տեսնեմ քեզ...
Երևի ձայնդ ցածրացնում ես,դողում,լռում,հառաչում, դառը ժպտում...Երևի լսեմ քեզ, լռեմ քեզ հետ ու ժպտամ քեզ...
Երևի կողքիս մրսում ես հաճախ ու տաքանում, ցուրտը չես զգում,բայց հետո մրսում, տաքությունից շատ չես նեղվում....Երևի մրսելը սիրեմ քո հետ ես...
Երևի կաս, երևի կգաս, երևի կնայես ու երևի աչքերիս մեջ...երևի աչքերդ էլ սիրեմ քեզ պես...
Չէ,երևի չէ,այլ հաստատ, աչքերդ էին,որ առաջինը ջնջեցին այդ <<երևի>>-ն, որովհետև սիրեցի ես աչքերը քո,երբ սառույցի հետևում նկատեցի երկու տխուր գունդ...երևի սիրեցի <<տխուրներդ>> անթափանց...
<<Երևի>>-ի այս շարանը գիշերում այս վերջ չունենա երևի... շարունակեմ երևի...
Երևի ձեռքս կզգաս,երևի մի օր կվերցնես ու ծանր մի հետք կթողնես...երևի ձեռքս մեկնեմ...
Երևի հիշում ես ինձ, երևի դու զգում ես ինձ, երևի կզգաս նորիս... երևի հետ գամ հեռվից...
Երևի մոտ գաս նորից, չենք հեռվացել իրարից, խոսքերից զատ զգաս երևի,որ... չենք ապրի առանց իրար,երևի...
Երևի թե կկարդաս, քնքուշ, տխուր կժպտաս, երևի դու կարթնանաս... այդ ժամ միայն երևի կսիրեմ քե'զ, միակիս...
Երանի թե մեր կյանքում օրը լիներ առանց դաժան կասկածի ու այդ անտեր <<երևի>>-ի...

среда, 15 октября 2014 г.

ԴՈՒ` ԵՐեՔ ՏԱՌ

Դու երեք տառ ես,հա',ընդամենը երեք տառ ու մի երկար պատմություն:
Դ
Դեպի ինձ ԴՈւ քայլ-քայլ եկար, հայտնվեցիր շատ արագ ու կարծում եմ` կմնաս:Դռան արանքում մի' կանգիր,ես լավ գիտեմ. <<դու>>-ն հո ԴՈՒ ես:Դեռ երկար կզարմացնի ԴՈՒ-դ:Դա ուզում է իմ  ԴՈՒ-ն քաղցած :Դառնում ես ԴՈՒ նորից ինձ մոտ.ԵՍ եմ,ԴՈՒ ես,ՄԵՆՔ վախկոտ:Դրդում եմ քեզ հեռանալ,բայց դու մնում ես,ի'մ ԴՈՒ մոռացկոտ...
Ո
Ո՞ր գիշերներից ես գալիս,ԴՈ'Ւ,ո՞ր երկինքներն ես գրկում,ԴՈ'Ւ,ո՞ր երգերն ես հորինում,ԴՈ'Ւ,ո՞ր տողերն են քոնը,ԴՈ'Ւ:Որքա՞ն պիտի ճախրես դրսում:Որ մի դուռը բացես դու,քեզ կգրկենք ԵՍ ու քո ԴՈՒ-ն: Որքա՞ն սպասեմ.կուզեմ անցնես իմ ԴՈՒ-ին,որ հասցնի ԴՈՒ-դ հասկանա,թե այս օրերում ի՞նչ լավ բան կա:Որքան գիտեմ, դա կարող եմ ես հասկացնել:Դե,շուտ անցի'ր ԴՈՒ-ի...
Ւ
Վատ չես սկսում լավի սկիզբը,վարարում ես անընդհատ:Վաղուց հոգիդ քնած էր,վախենում եմ չարթնանա:Վարակում ես տխրությամբ,վարակում ես սիրով քո,ԴՈ'Ւ:Վա~յ,թե նորից արթնանա,վեհությունը քո հոգու,վար կընկնեմ մի խոսքից,թե ինձ հրես վերևից:Վիճակված է քեզ տանել,ԴՈ'Ւ,երեք տառ,իմ ընկեր...



пятница, 3 октября 2014 г.

ՍՊԻՏԱԿ ԽԱՂԵՐ



Ձեռքդ տո'ւր,լսո՞ւմ ես...
Ամեն սպիտակ առավոտ իմ սենյակում այս խոսքերն եմ լսում:Այդ նույն վայրկյանին ուզում եմ ձեռքերս հագցնեմ տաք շորերով ու իջնեմ բակ,սպիտակեմ: Ախր ձեռքերս մինչև հիմա կարծում են,թե տաք շորերից զատ կա մի այլ տաք բան.քո կրակոտ շունչը: Ամեն սպիտակի հետ ձեռքերս քաշում են ինձ ներքև,խաղի,այն էլ ի~նչ խաղ:
Խոստովանում եմ,ինքս էլ էի սիրում այդ շունչ տվող խաղերը:Հազվադեպ էին լինում,բայց կյանք էին տալիս այդ սպիտակ խաղերը: Երբ չէի վախենում որսալ ամեն մի սառը փաթիլ,որովհետև ձեռքերս վառվում էին քո տաք շնչի սպասումով: Իսկ դու դեմքս էիր սպիտակեցնում, որ հետո տաքացնես, բայց ես ձեռքերս էի առաջ քաշում:Առնում էիր դրանք մեծ ափերիդ մեջ ու փչում այնքա~ն դանդաղ,այնքա~ն հանդարտ:Ես էի անհամբեր,իսկ դու վայելում էի ամեն մի վայրկյանը ձեռքիս ամեն մի անկյունում: Որքա~ն էր քաղցրանում այդ ցավը, ինչպե~ս էին մեր շուրջը հալչում սպիտակները...
Գիտե՞ս, վաղուց է` չեմ խաղացել այդ սպիտակ խաղերից:Մի անգամ փորձեցի.ձեռքերս շատ տաք շորերի մեջ էին,բայց երբ վերջին սպիտակ գնդակը նետեցի <<մեկի>> ուղղությամբ, ձեռքերս սկսեցին նվալ: Սկսեցի փնթփնթալ փոքրիկի պես, ինչպես հատուկ կանեի քեզ մոտ: Բայց բողոքիս պատասխան չեղավ, շունչ չստացա և ոչ մի <<մեկից>> : Ընդամենը բառեր, դատարկ բառեր. ցրտահարվել են: Շուրջս անշնչացել էր ամեն ինչ...
Հիմա հասկանո՞ւմ ես` ինչու չեմ խաղում: Ես հասկացա,որ ամեն <<մեկը>> քո նման ՄԵԿ չէ, ամեն շունչ այնքան չի տաքանում իմ ձեռքերի վրա: Վերջին սպիտակ խաղից ձեռքերիս վրա հետքեր մնացին:Վախենում եմ. գուցե տեսնես ու կարծես, թե դավաճանել ենք քեզ ձեռքերս ու ես: Այս է պատճառը,որ շունչդ զգալ չեմ ուզում: Կարող ես ուրիշի ձեռքերը փրկել սառը սպիտակից:Իսկ ես էլ երբեք սպիտակ խաղեր չեմ խաղա. սպիտակը շատ մաքուր է,շունչդ ուրիշի շնչով փոխելու համար: Թող տգեղ, բայց մաքուր լինեն ձեռքերս խաղերում այս սպիտակ:




пятница, 8 августа 2014 г.

ԱՄՈՒՐ ՊԱՐԱՆՈՎ


Տո'ւր ինձ ձեռքդ, ու ես կձգեմ այն ներքև: Մի՞թե ուզածդ փրկություն չէր: Հիմա եմ պատրաստ, հիմա ես խորտակվում, հիմա ենք հասնում...
Պարան կվերցնեմ, չէ', երեքը, որ հյուսեմ դրանք այնքան պինդ կապերով, ինչքան որ կուզեիր մեր ձեռքերը հյուսված մնային մի ողջ հավերժություն: Ընտրելիս պիտի ուշադիր լինեմ, որ ամուր պարաններ ընկնեն ձեռքիս տակ, որ նման լինեն քո պիրկ նյարդերին, ձեռքերին, մատներին: Դրանցով էիր դիմանում, գրկում ու սիրում...
Հիմա արդեն ուժ հավաքած քեզ պիտի ներքև քաշեմ, ձգեմ գետնին: Չկարծես, թե սա անդունդ է. մութ է, հա', բայց լամպը ամուր պտտելուց հետո է լույս տալիս: Իսկ ես ուզում եմ, որ իմ եռահյուս պինդ պարանով պտտվես վերևներում ու լույսը աչքերումդ իջնես իմ խորությունները: Հիմա է, որ կարող եմ...
Ես չկարողացա հասնել քո բարձրները, վայրէջքը շատ էր ցավոտ: Իսկ դու դեմքի նույն գծերով վերևներում գծել ես քո ուղիղները, շեղվելիս էլ վիժել ես իմ խորքերը, ու առանց ավելորդ վախի նորից ու նորից բարձրացել... գծել:
Ե՞ս էի վախկոտ, թե դու մնացիր առանց ուժ, առանց իմ հյուսած գոնե մի բարակ, թեկուզ մազի չափ բարակ պարանի: Բայց ես միշտ էլ սիրուն եմ հյուսել: Դե եթե ուժն ես սիրում, կհավաքեմ բոլոր պարանները ու մի հաստը կհյուսեմ: Թող տգեղ լինի, կարևորը գիտեմ, որ այս անգամ կբռնես այն քո ուժեղ ձեռքով ու կձգվես ներքև, ինձ մոտ:
Դե', բռնի'ր պարանս, որ քաշեմ քեզ իմ խորքերը, ես ինքս եմ ցույց տալու քեզ դրանք: Բայց նույն պարանով էլ ամուր կապելու եմ, որ օդապարիկի պես չձգտես քո վերևները: Դա չէ քոնը,ՔՈՆԸ խորքերն են ԻՄ...

понедельник, 4 августа 2014 г.

ՍԱՌԸ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆ


Այսօր քամին եկավ: Ամառը սառեց: Տեսնես մարդիկ էլ են սառելու: Բայց սառնությունը հաճախ օգնում է. ինչի՞ն: Ասեմ. երբ սառն են բոլորի աչքերը, երբ սառն են աչքերից ծնված հայացքները, երբ սառն է մի սովորական բարևը, սառն է առավոտն ու գիշերը, դու ինքդ ուզում ես ամբողջությամբ սառել, քարացնել բոլոր օրգաններդ, հատկապես մեկը` ուղեղը: Այ սառը ուղեղը լավ բան է: Դրանով դու չես դատում, չես մտածում, եզրահագման չես գալիս, չես որոշում: Դրանով դու քեզ զգում ես հասկացող մեկը: Այդ պահին հասկանում ես, որ հասկացել ես միայն այդ սառը քամուն, փոթորիկին. քիչ չեն կյանքի սառը քամիները: Դրանից սիրտդ ավելի շուտ է հովանում, որովհետև քեզ թվում է, թե ծնվել ես քամուն փաթաթված, սառը սավանում փաթաթված, սառը ձեռքերում առաջին գիշերն անցկացրած: Ու այդ պահին ուղեղդ այնքան է սառում, որ անգամ մտածում ես վախճանդ էլ է նույնչափ սառը լինելու. սառը արկղ, սառը ծաղիկներ ու արցունքներ: Ափսոս այդ արցունքները աշխարհից այն կողմ սառած սիրտդ չեն տաքացնի: Ու նման շատ սառը մտքեր, մինչև որ քամին պոչը չքաշի ու չտաքանա: Իսկ դու մնացած սառնությունն ուղեղումդ ես պահում, որ մի տոթ օր հանես ու ցույց տաս բոլորին: Գուցե շատերը, չէ', բոլորն են սառում, բայց ոչ բոլորն են կարողանում հալչել ու չմնալ նույն ջերմաստիճանում:
Հաճախ պետք է փոխել այն, որ եղանակին դիմանաս, ծնվես տաք ձեռքերում, մեռնես սառը արկղում, բայց ջերմանաս նույն սառնության կաթիլներից:
Հետո քամին գնաց` թողնելով սառը ճանապարհ...

среда, 23 июля 2014 г.

ДРЕСС-КОД ПО ГОРЕ




Костюм принесли из химчистки, а почему оттуда?-денег не хватило купить новый.Такого цвета черного еще не видал. Белоснежная рубашка, черные туфли. Все как на жизненной полосе: черное-белое-черное-белое... Но кажется, тут нет никакой закономерности.Он сам изменяет правила. Тут и галстук есть, а какого цвета!!! Темно-серого, серый,но все же темный...темным-темно.
Такая темнота воцарилась и в глазах его. Как-то становится страшно, посмотрев туда, в две ямы потемневших, заблудившихся, затерявшихся глаз. А ведь было время, когда и они нашли себя.Он остался ни с чем... и без денег.Он все отдал за ЖИЗНЬ. Что-то ему не по себе.К чему ему искупленная жизнь,чужая жизнь.Ведь даже четырехлетний ребенок увидит,что тело его плачет.От влолос капает слеза, порой это учащается, а потом затихает. Первый раз такое видят: слезы льются из волос,не из глаз. А глаза сами потерялись, горевать неохота. Он один проходит через всю эту драму. Но губы его не умерли,он чувствует их. Но ТО,к чему они прикасаются, уже не чувствует ничего, даже его губы. А вдруг они еще проснутся... безумие. Охлажденные не теплеют,никогда. Согрей одеялом, пухом, у огня, в аду, хоть своей душой- они остаются холодными к твоим прикосновенным мольбам.
Понимаю,больно ему.Интересно, чувствует ли это он сам, ведь он нуждается в помощи, ему самому нужно согреться. Вот если б было чем согреть, полюбить.
Думаю, он найдет того, кто согреет ег душу.Ведь не зря Бох велел Ною в ковчег собрать всех животных по парочке. В этом большом мире и для него найдется пара.Думаете жестокое сравнение? Я так не думаю,ведь жизнь этих животных была самой красивой из всех: у них была возможность начать все с начала. А начало для него будет спасением,оно вытащит его из горя и из черно-белого оставит только белизну.
Конец чего-то черного-это всегда начало чего-то белого, а начало никогда не опоздает, нужно лишь сменить дресс-код по горе на... СЧАСТЬЕ!!!

пятница, 18 июля 2014 г.

ԼԱՎ Է, ԵՐԲ...




Երբ բացում ես աչքերս ու տեսնում արևի ոչ առաջին, բայց նույնպես պայծառ շողերը... դա լավ է:
Երբ ամռան շոգ օրերից մեկի առավոտը սկսվում է անձրևով... դա լավ է:
Երբ առաջին դեմքը, որ տեսնում ես,  ժպտախառն է... դա լավ է:
Երբ խանութում առօրյա վեճեր ես լսում... դա էլ լավ է:
Երբ ծնողներիդ ես դիմավորում... դա լավ է:
Երբ չես թողնում ուղեղդ տխրի... դա լավ է:
Երբ ատում ես ու ներում... դա լավ է:
Երբ կարոտում ես ու զսպում... դա լավ է:
Երբ համբերում ես, հանդուրժում... դա էլ լավ է:
Երբ ինչ-որ տեղ մեկը հոգնած սրտի ուզածն է լսում. դու ժպտում ես... դա լավ է:
Երբ գիշերվա կեսին փողոցում հայհոյում են. դու քնում ես... դա լավ է:
Երբ ցանկություններդ հետին պլան ես ձգում... դա ինչ-որ տեղ լավ է:
Երբ գիտես`  ում շնորհակալ լինես... դա լավ է:
Երբ կիրակի օրերին չես մոռանում ճիշտ ճանապարհդ... դա շատ լավ է:
Երբ գիտես, թե ով է քո փրկիչը... դա ավելի լավ է:
Երբ գիտես, թե ում հետ պիտի մենախոսես ու խնայում ես... դա լավ է:
Երբ գիտես գնահատել, ապրե'ս... դա լավ է:
Երբ շնորհակալ ես,որ անձրևը դադարեց ու օրն ավարտվեց... դա լավ է:
Երբ շնորհակալ ես, որ օրը փոխվեց ու դու կաս օրվա մեջ... դա էլ լավ է:
Երբ շնորհակալ ես, որ շնչեցիր... այ դա ամենալավն է: