Անշուշտ ամառը մեզ մոտ ասոցացվում է հանգստի , ուրախ ժամանցի և իհարկե , աննկարագրելի տպավորությունների ու հուշերի հետ: Իմ ունեցած ամառային արձակուրդներից թերևս կցանկանայի առանձնացնել ինձ հաճախ այցելող թավշյա հիշողություններից մեկը: Այս պատմությունը վերհիշելիս ես չեմ դադարում զարմանալ ու մարմնովս սարսուռ է անցնում:
Գյուղում մեր հանգիստը անցկացնելիս սիրում էինք երեկոները նստել պատշգամբում ու լսել Ռիմա տատիկի արտասովոր պատմությունները : Իսկապես դրանց մեջ կային զարհուրելի, զարմանալի, հուզիչ և չլսված բաներ: Պատմություններն այդ իրական կյանքից էին`հենց Ռիմա տատիկի կյանքից: Նա թևակոխել էր 80 տարին , բայց ուներ փայլուն հիշողություն ու կարողանում էր մանրամասն ներկայացնել իր դժվար կյանքից դրվագներ: Այդ պատմություններից ավելի շատ ինձ վրա տպավորություն գործեց այս մեկը.
“Փոքր էինք ես ու ախպերս: Մի օր հերս էկավ տուն ու ասեց, որ ժայռի տակը սալաքար ա գտել ու ուղարկեց մեզ, որ գնանք բերենք էտ անտեր քարը: Դա պապային պետք էր, որ աղ լցներ , դարձներ անասունի համար լիզաքար: Տեղը բացատրեց ու առավոտ շուտ մեզ ուղարկեց: Եղանակը ցուրտ, ձմեռ, բուք, ու ձուն: Ես ու խեղճ ախպերս էս կողմ նայեցինք , էն կողմ նայեցինք` ոչ մի քար չգտանք: Ապերը ասաց, թե ` գնանք տուն, ասենք չենք գտել: Բայց մեկա գիտեինք, պապան էլի կուղարկեր: Ասեցինք ավելի լավ է` ուրիշ քար տանենք:
Իջանք ձորը, մի տենց հարթ քար գտանք ու փորձեցինք հանել: Ես 8 տարեկան էի, Կառլենը `6: Ինչ արեցինք, չեղավ: Արդեն մութը տվելա: Գել, գազան, մենք էլ պստի էրեխեք: Մի չոբան տեսավ մեզ, ասեց, թե կօգնի: Հանեցինք էտ քարը, բայց տուն չէինք կարա գնայինք: Էտ մարդը , բա թե.
-Գնա’նք, գիշերը կմնաք, առավոտը կգաք կտանեք ձեր քարը:
Մենք էլ խելոք-խելոք գնացինք: Է, իմ հերն ու մեր չեն մտածում, էրեխեքը գնացին, չեկան , ուր մնացին: Գյուղը, որտեղ մնացինք ,ասում էին Թեզ Խարաբա: Հիմա ասեմ ` ինչի էին ըտենց ասում: Էդտեղ հլը շաաաատ շուտ ապրել են թուրքերը: Գյուղացիները պատմում էին, թե մի օձ ա եղել ու սիրահարվելա գյուղի աղջիկններից մեկին: Ամեն անգամ թոնրի մոտ հաց թխելուց եկել նստելա աղջկա գիրկը ու գնացել: Մի օր էս աղջկա մերն ասում ա, որ մեկ էլ գա, նա օձին շպրտի թոնրի մեջ: Աղջիկը ըտենց էլ անում ա: Բայց օձը թոնրի մեջ չի վառվում, թռնում ա օդ ու ընկնում աղջկա վրա: Էտ օձի ընտանիքը հարձակվում ա գյուղի վրա ու ամբողջ գյուղը քոչում ա ըտեղից: Գյուղի անունը մնում ա Թեզ Խարաբա , որ նշանակում ա “հարձակվող օձեր”:
Վերջը ես ու ախպերս գիշերը մնացինք էտ գյուղում: Առավոտը հսկա քարը քարշ տալով հասցրինք տուն: Իսկ պապան բողոքեց, թե էտ իրա տեսած քարը չի, էտ ավելի փոքր ա:”
Պատմության վերջում Ռիմա տատիկը լաց եղավ: Նա հազիվ ավարտեց այն: Ու երբ խնդրեցի, որ մեկ ուրիշը պատմի, թախծոտ ժպիտով ասաց, որ մնացածն էլ հետո ու հեծկլտաց, երևի իր անցկացրած դառն ու դաժան կյանքի համար: Իսկ ես մտածում էի, որ մեր ժամանակներում ոչ մի երեխա քար չի քաշի, ու ոչ մի ծնող չի վարվի Ռիմա տատիկի ծնողների պես:
Комментариев нет:
Отправить комментарий